ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՎԱԼԵՐԻՅ ՕՍԻՊՅԱՆԻ ՀԵՏ, ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Մենք սեպտեմբերի 20-ին գրել էինք, որ նախորդ օրը՝ սեպտեմբերի 19-ին կառավարության նիստի ժամանակ, վարչապետը ներկայացրել է ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներին․ ԱԱԾ-ում՝ Էդուարդ Մարտիրոսյան, ոստիկանությունում՝ Արման Սարգսյան։ Նույն օրն էլ Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։ Նաեւ տեղեկացրել էինք, որ, «մեր տեղեկություններով, իր նշանակման մասին Օսիպյանը տեղեկացել է մամուլից»։

 

Նշանակումից անմիջապես հետո Վալերիյ Օսիպյանը արձակուրդ գնաց, ապա լուրեր տարածվեցին, որ նա վերադառնալով արձակուրդից՝ ազատվելու դիմում է գրել, ինչը  նա մի կեսբերան հերքեց, ասելով՝ «Լուրերը չեն համապատասխանում իրականությանը»։ Այսօր արդեն հրապարակվեց պաշտոնական տեղեկատվությունը՝ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»։

 

Իսկ Հանրային ծառայությունների մասին օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետն ասում է․ «Պետական հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նշանակում և ազատում է այն պետական մարմնի ղեկավարը կամ ենթակա պետական մարմնի ղեկավարը, որտեղ նրանք լինելու են աշխատանքային հարաբերությունների մեջ, բացառությամբ սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված դեպքերի»:

Հիմա մարդկային լեզվով ներկայացնենք կատարվածը․ Նիկոլ Փաշինյանը խուսափում է թշնամիներ վաստակելուց եւ մանավանդ՝ Արթուր Վանեցյանի հեռանալուց հետո փորձեց եւ Վանեցյանի, եւ Օսիպյանի հետ կապված միջանկյալ՝ փափուկ լուծումներ գտնել, որ նախկին ուժային ղեկավարները չհայտնվեն իր հակառակորդ ճամբարում, նոր քաղաքական ուժ չձեւավորեն, չպայքարեն իր դեմ։ Նախ, մեղմ արտահայտվեց, որ Վանեցյանը կմնա Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում եւ կզբաղվի մեր ֆուտբոլի զարգացմամբ, իսկ երբ Վանեցյանը քաղաքական հայտարարություն արեց՝ հրահանգեց կոշտացնել դիրքորոշումը եւ ֆեյքերով ու իրենց թիմակիցներով հակահարված տալ նրան, ինքն էլ մի հայտարարություն արեց ԱՄՆ-ում։

 

Ապա փորձեց Օսիպյանին գրավել գլխավոր խորհրդականի պաշտոնով, որը նշանակում է բարձր աշխատավարձ եւ զրո պարտականություններ։ Իսկ ողջ կյանքում խեղճ արված փողոցային օպերի կարգավիճակում գտնվող Օսիպյանը կարող էր գայթակղվել այդ կարգավիճակով։ Ուստի անգամ հարկ չէին համարել տեղեկացնել նախկին ոստիկանապետին, որ քեզ գլխավոր խորհրդական ենք նշանակում՝ վստահ, որ նա չի հրաժարվի այդ պաշտոնից։ Բայց իր նշաանկման մասին մամուլից տեղեկացած Օսիպյանը լուրն ստանալուն պես ասել էր, որ չի աշխատելու՝ դիմում է տալու ազատվի։

 

Հարց է ծագում՝ երբ լուրեր տարածվեցին, որ Օսիպյանը դիմում է գրել ազատվելու, ինչու նախկին ոստիկանապետը հերքեց այդ լուրը՝ եթե մի 2 օրից դա հաստատվելու էր։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում, որ իրենից հրաժարվեն, իրենց դիմումի համաձայն հեռանան, նա այն ղեկավարներից է, որոնք երբ իմանում են, որ իրենց աշխատողը որոշել է այլ աշխատանքի անցնել, <մի ոտ շուտ> նրանց ազատում են, որ ստացվի՝ իրենք են ազատել, ոչ թե աշխատողն է դուրս եկել։ Ենթադրում ենք, որ Օսիպյանին զգուշացրել են՝ դու չես կարող դիմում գրել, մենք պետք է քեզ ազատենք աշխատանքից, չհամարձակվես հաստատել, որ դիմում ես գրել եւ կամովին հեռանում ես վարչապետի գլխավոր խորհրդականի բարձր պաշտոնից։

 

Օրեր առաջ մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է մեծ կադրային փոփոխություններ անել՝ թարմացնել կառավարության կազմը։ Սա նոր հույսեր կարթնացնի հանրության դժգոհ շրջանակներում, սակայն սա բավականին բարդ է՝ կադրային ռեսուրսի բացակայության պատճառով։

 

Մյուս կողմից մեծ դժգոհություններ են կուտակվել բարձր պաշտոն զբաղեցնողների շրջանում, որտեղ աշխատանքից ազատվելու տրամադրություններ են իշխում։ Արդյունքը փոքր է, սթրեսը մեծ, փողը քիչ, քավության նոխազ դառնալու հավանականությունը՝ ահռելի, ուստի անիմաստ է դառնում պաշտոնավարելը։ Մարդկանց առայժմ հետ է պահում վախը՝ Նիկոլ Փաշինյանին զայրույթին չարժանանալու ձգտումը, որովհետեւ ոչ ոք չգիտի այդ զայրույթն ինչ ձեւով կարող է դրսեւորվել։ Եւ պաուզան ձգվում է։

https://hraparak.am/post/ddae8e9061bd3241f12f8678606a2d63

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*