Փաշինյանին անակնկալ է սպասվում

 

Մինչ կառավարությունն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շտապում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել՝ Ընտրական օրենսգրքի և համաներման ընդունման հարցերով, մյուս կողմից էլ օրախնդիր են դարեձել ԱԺ արձակումն ու վարչապետի չընտրությունը, լիակատար անուշադրության է մատնվել գալիք տարվա բյուջեի ընդունումը:

Ազգային ժողովի հանձնաժողովներում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկումները անորոշ ժամանակով հետաձգվել են: Սեպտեմբերի 27-ին կառավարությունը հաստատել էր 2019 թվականի բյուջեի նախագիծը:

Այն, ըստ ԱԺ կողմից նախօրոք տարածված հայտարարության, պետք է ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվեր հոկտեմբերի 29-ից սկսած՝ մոտ մեկ շաբաթ ժամկետով:

Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում քննարկվելուց հետո է բյուջեի նախագիծը քննարկվում ու հաստատվում ԱԺ լիագումար նիստում:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը տեղեկացրել էր, որ նոյեմբերի մեկին սկսվելու են բյուջեի նախագծի քննարկումները, սակայն այդ ժամկետը հետաձգվել է, քանի որ այդ օրը նախատեսված է վարչապետի ընտրությունը:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին: Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել վարչապետի ընտրության առաջին փուլը, որտեղ վարչապետ չի ընտրվել: Սահմանադրության 149-րդ հոդվածը սահմանում է, որ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:Վարչապետի ընտրության առաջին փուլից հետո 7 օրը լրանում է հոկտեմբերի 31-ին ժամը 15.45-ից սկսած: Բացի այդ, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածը սահմանում է, որ եթե այդ ընթացքում ԱԺ հերթական նիստեր չկան, ապա ԱԺ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ և հատուկ նիստ է նշանակում ժամը 12.00-ին: Իսկ քանի որ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12-ին, դեռևս 7 օրը լրացած չէ, ապա վարչապետի ընտրության երկրորդ փուլը կնշանակվի նոյեմբերի 1-ին՝ ժամը 12-ին: Եթե երկրորդ փուլում ևս վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն իրավունքի ուժով ցրվում է, և նշանակվում են նոր ընտրություններ:

Ամենայն հավանականությամբ, նոյեմբերի 1-ին կհայտարարվի նոր ընտրություն անցկացնելու և գործող ԱԺ-ն ցրելու մասին: Դրանից հետո 2019 թվականի բյուջեի ընդունումը կդրվի հարցականի տակ: Արդեն լուծարվող խորհրդարանը, որ փառավորապես տապալեց նոր ընտրական օրենսգրքի ընդունումը, հաջորդաբար հոկտեմբերի 31-ի նիստում ըստ ամենայնի կտապալի նաև համաներման նախագիծը: Ի՞նչ տրամաբանությամբ պետք է հավուր պատշաճի ընդունի 2019 թվականի բյուջեն: Անգամ զուտ տեխնիկական առումով գործող խորհրդարանը չի հասցնի բյուջեի ընդունումը:

Ամենայն հավանականությամբ, ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին, իսկ դա նշանակում է, որ առնվազն մեկ ամիս պետք է նախընտրական քարոզարշավ տեղի ունենա, և այդ ընթացքում պատգամավորները հասկանալի պատճառով զբաղված կլինեն նախընտրական քարոզարշավով և հազիվ թե ժամանակ տրամադրեն բյուջեի ընդունմանը: Ըստ ամենայնի գալիք տարվա բյուջեի ընդունումը կմնա արդեն նոր խորհրդարանի հաստատմանը, սակայն այստեղ ևս տեխնիկական խնդիրներ կան, և նոր խորհրդարանը մինչև տարեվերջ կարող է չհասցնել բյուջեի քննարկումն ու ընդունումը:

Իսկ եթե գալիք տարվա բյուջեն չընդունվի, ապա պետությունն ու իշխանությունը, բառիս ամենաուղիղ իմաստով, կհայտնվեն կոլապսի մեջ. հարցականի տակ կդրվի աշխատավարձերի ու թոշակների կանոնավոր վճարումը և ընդհանրապես պետական համակարգի բնականոն գործունեությունը: Ուստի ընտրական օրենսգիրքը գլխապատառ ԱԺ ուղարկելուց առաջ կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանը նախ պետք է մտածեին բյուջեն ընդունելու և հետո միայն ԱԺ-ն ցրելու մասին:

Հայկ Դավթյան

http://hayeli.am/article/1124928

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*