Ադրբեջանը կորցնում է հողը. ստատուս-քվոյի փոփոխություն հյուսիսում

 

1in.am-ը գրում է․ Ադրբեջանի արտգործնախարարությունը, մեկնաբանելով զինծառայող Էլշան Խալիլովի մահը, հայտարարել է, թե Երևանն ուզում է տապալել Արցախի հարցի բանակցությունը՝ արտգործնախարարների հանդիպման շեմին, և ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա: Դրան նախորդել էր Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան գրառումը:

Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ նախարար Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել զինծառայողներին, որոնք ադրբեջանական կողմից հանել են հայկական զինուժի զինծառայող Սիփան Մելքոնյանի մահվան վրեժը: Սա նախադեպը չունեցող բարձրաձայնում է: Սիփան Մելքոնյանը սպանվել էր հունիսի 1-ի առավոտյան: Իսկ դրանից առաջ Բաքուն տեղեկություն էր տարածել, որ իբր հայկական կողմը սպանել է իր զինծառայողի՝ մայորի:

Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հայտարարել է, որ Երևանը թե՛ Ադրբեջանի ղեկավարությանը, թե՛ Մինսկի խմբի համանախագահներին ներկայացրել է հստակ ապացույցներ, որ այդ օրը հայկական կողմից չի եղել որևէ կրակոց: Ավելին, նա ասել էր, որ կրակոց է արձանագրվել ադրբեջանական կողմում, բայց դրանից հետո, միևնույն է, Բաքուն կրակել և սպանել է հայ զինծառայողի: Ինչ է կատարվել սահմանին, և ինչու է Բաքուն, չնայած հայկական կողմի ներկայացրած ապացույցներին՝ որ չի եղել կրակոց, այսպես ասած՝ պատասխան կրակով սպանել հայ զինվորին:

Դա նշանակում է, որ իրադրության լարվածության և բանակցային գործընթացի տապալման մտադրություն ունի Բաքուն, ոչ թե Երևանը: Հակառակ պարագայում, Ադրբեջանը առնվազն ապացույցները ստանալուց հետո ձեռնպահ կմնար «պատասխանից»: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Բաքուն վերստին դառնում է ռազմական շանտաժի կամ, այլ կերպ ասած՝ մարդասպանության կամ ահաբեկության քաղաքականությանը, որ վարում էր մինչև հայկական թավշյա հեղափոխություն:

Սա իհարկե կախված է այն բանից, թե ինչպես է իրեն պահելու հայկական կողմը: Այստեղ տեղի է ունենում բավականին հետաքրքիր գործընթաց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ ի պատասխան «օկուպացված տարածքների» մասին ադրբեջանցի լրագրողների հարցի, որ մարդը չի կարող օկուպացնել այն հողը, որտեղ ապրել է սերնդեսերունդ: Դա այլ բան չէ, քան պարզապես «տարածքների» հարցի փակում: Իհարկե, վարչապետը դա անում է այսպես ասած՝ «այլաբանորեն», սակայն մյուս կողմից պետք է նկատի առնել, որ մի շարք հանգամանքներ բացառում են առավել հատու պաշտոնական հայտարարությամբ այդպիսի հարցեր բարձրաձայնելը: Հատկանշական է, որ դա տեղի է ունենում Երևան-Ստեփանակերտ լարվածության, այսպես ասած, աճի ֆոնին, որ խթանվեց Նիկոլ Փաշինյանի Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ:

Հայաստանում դա ընկալվեց տագնապով և հայտարարություններով, թե այդ լարվածությունը ջուր է լցում թշնամու ջրաղացին: Սակայն Ադրբեջանի վարքագիծը հուշում է հակառակը: Բաքուն ավելորդ սադրանքներով չէր նպաստի սահմանի իրադրության լարմանը, եթե Երևան-Ստեփանակերտ հարաբերության, այսպես ասած, լարվածությունը ջուր լցներ իր ջրաղացին: Որովհետև այդ լարվածությունը, որ իրականում այլ բան չէ, քան պարզապես կարծիքների տարբերություն ներքին մի շարք հարցերի վերաբերյալ, որ կարող է ուղեկցվել առանձին խմբերի մանիպուլյատիվ փորձերով, լավ իմաստով ջուր է լցնում Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու Երևանի օրակարգին, որ Նիկոլ Փաշինյանն առաջ է բերել վարչապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո:

Պատահական չէ, որ երկու լարումները՝ Երևան-Ստեփանակերտ, և առաջնագծում Ադրբեջանի սադրիչ քայլերը, զուգադիպում են: Ադրբեջանը չունի այլ պատասխան, քան Ստեփանակերտի սուբյեկտության բարձրացման գործընթացը արգելակել ռազմական շանտաժով: Ավելի շուտ, դա պատասխան չէ, այլ ընդամենը փորձ, որովհետև ամեն ինչ կախված է Երևանի ու Ստեփանակերտի աշխատանքից, թե քաղաքական առումով ինչքան արդյունավետ կօգտագործեն Ադրբեջանի ռազմական շանտաժի վերադառնալու փորձը Ստեփանակերտի սուբյեկտության հարցն առավել ուժեղ շեշտադրելու համար:

Մի փորձ, որ Ապրիլյան պատերազմից հետո արեց Սերժ Սարգսյանը, թողնելով սակայն կիսատ լեգիտիմության բացակայության պատճառով, քանի որ անմիջապես նրա դեմ գործի դրվեցին ներքին ոչ լեգիտիմության հետ կապված մի շարք գործոններ: Այսինքն, եթե Բաքվի շանտաժի վերադարձի, այսպես ասած, առաջին քայլերը չստանան կոշտ և հատու պատասխան, ապա այդ վերադարձը կարող է տեղի ունենալ, քանի որ քաղաքական գործընթացում Ադրբեջանն ակնհայտորեն հայտնվել է բավականին խնդրահարույց վիճակում՝ Հայաստանում հեղափոխությունից հետո: Այդ համատեքստում, պաշտպանության նախարարության բարձրաձայնումը վրեժի հանձնարարության և դրա բարձր պարգևատրման մասին, զուտ ռազմական ասպեկտ չէ, որ ունի: Այն առաջին հերթին քաղաքական պատասխան է և բավականաչափ կոշտ ու հատու:

Կարևոր է հենց այդ ասպեկտը, քանի որ ռազմական առումով երբեք կասկած չի եղել, չկա ու թերևս չի լինի, որ հայկական կողմն անպատիժ չի թողնի որևէ մարդասպան կրակոց: Սակայն խնդիրն այն է, որ Ադրբեջանի ղեկավարության համար մարդկային կյանքը արժեք չի ունեցել և չունի, ըստ այդմ՝ ռազմական շանտաժից և մարդասպանությունից Բաքվին հետ կարող է պահել ոչ թե մարդկային կորուստը՝ ամեն մի սպանության դիմաց, թեկուզ բազմակի մարդկային կորուստը, այլ քաղաքական և ռազմա-քաղաքական խնդիրները, որ Ադրբեջանը կարող է ունենալ: Երևանը այդ տիրույթում պետք է կապիտալիզացնի այն առավելությունը, որ ստացել է թավշյա հեղափոխությամբ: Մեծ հաշվով, Արցախի հարցում արդեն իսկ արված հարցադրումներով և նոր շեշտադրումներով Երևանը կատարել է կարևոր աշխատանք: Նյութի աղբյուրը` Yelaket.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*