Փшշինյանը դիպել է մեխին. այլևu չի լինի այդպեu, այդ զենքը մի шնգամ է կրակnւմ

 

«Ոչ մի ոլորտում ես չեմ պատրաստվում հարմարվել այն իրողություններին, որոնք եկել են: Էսպես էկել է, էսպես էլ կգա: Էսպես եկել, բայց էսպես չի գնա: Չի գնալու էսպես: Եթե էսպես գնալու ա, ուրեմն մենք ենք գնալու: Էս ամեն ինչը շատ լուրջ ա»,- «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հետհեղափոխական իրավիճակի, կառավարման համակարգի գործունեության և ընդհանրապես Հայաստանում առկա իրողությունների մասին:

Նիկոլ Փաշինյանը խոսել է, իհարկե, շատ կարևոր հարցերի մասին, որոնց առանձին անդրադառնալու առիթներ դեռ կունենանք: Տվյալ պարագայում, սակայն, շոշափվում է թերևս ամենաառանցքային հանգամանքը՝ կամ գնում են այսպես ասած՝ հին կարգերը և բարքերը, կամ գնալու է նոր իշխանությունը:

Այստեղ հնարավոր է հայտարարությունը դիտարկել այսպես ասած՝ հանրահաճ քարոզչության կամ պոպուլիզմի տրամաբանության ներքո, սակայն խորքային առումով Նիկոլ Փաշինյանը շոշափում է Հայաստանում հեղափոխության, հետհեղափոխական իրավիճակի քաղաքական տրամաբանության խորքային, օրգանական շերտերն ու բնույթը: Մի բան, որը գործնականում ամփոփվում է «բան չի փոխվել» տարածված հակաքարոզչության մեջ, երբեմն ոտքի տակ հող շոշափելով նաև հանրային որոշակի շրջանակներում:

Բան չի կարող չփոխվել, և ուրեմն կամ իրավիճակն է փոխվում, կամ փոխվելու է իշխանությունը: Եվ այստեղ է առանցքային հարցը: Նոր իշխանությունը չի կարող դառնալ ինչպես հինը, և այստեղ է Հայաստանում տեղի ունեցածի կամ ունեցողի հեղափոխական էությունը, հեղափոխական հատկանիշներից մեկը, որը տարբերում է հեղափոխությունը զուտ իշխանափոխությունից:

Զուտ իշխանափոխություն էր 1998-ին, զուտ իշխանափոխություն էր 2008-ին, զուտ իշխանափոխություն էր լինելու 2018-ին, եթե Սերժ Սարգսյանի փոխարեն վարչապետ լիներ ինչ-որ այլ պաշտոնյա կամ ուժ: Սակայն 2018-ի ապրիլին տեղի ունեցածը հեղափոխություն էր, որովհետև հանրային կյանք է բերել տեխնոլոգիա՝ հանրության առաջնային դերակատարումը, որը այլևս թույլ չի տալու ունենալ այնպիսի իշխանություն, ինչպիսին նախկինում էր՝ այդ բառի համակարգային, հանրային և քաղաքական հարաբերությունների մշակույթի իմաստով:

Թվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ներկայումս իր իսկ բերած, իրեն իսկ իշխանության բերած հեղափոխական տեխնոլոգիայի պատանդն է, կամ հայտնվել է այդ տեխնոլոգիայի թակարդում, այժմ էլ նույն տրամաբանությամբ ակցիաներ են լինում Փաշինյանի դեմ և դրանք բազմամարդ չեն՝ լոկ այն պատճառով, որ բարձր է նրա լեգիտիմությունը, իսկ եթե երբևէ նվազի, ապա նույն տրամաբանությամբ նա ստիպված կլինի հեռանալ իշխանությունից:

Բայց հենց այդտեղ է նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության ուժը, որովհետև այդ տրամաբանությամբ իշխանություն հեռացնողը անխուսափելիորեն հայտնվելու է դրա առաջ պատասխանատվության տակ կամ դրա «թակարդում», ինչպես Փաշինյանը: Ահա այստեղ է Հայաստանում 2018-ին տեղի ունեցած փոփոխության ամբողջ թվացյալ հակասականությունը, իսկ իրականում՝ ուժը, որը պետք է հանրային-քաղաքական բոլոր դերակատարներին բերի ի վերջո այդ անվերջ «թակարդների» շղթայից ազատվելու համար անհրաժեշտ քաղաքակրթական կոնսենսուսի, համոզման, որ Հայաստանում այդպես հաղթել հնարավոր էր մեկ անգամ, և դա արեց Նիկոլ Փաշինյանը:

Դրանից հետո այդ տեխնոլոգիայով հաղթող չի լինելու, կարող են լինել միայն պարտվողներ: Այդ եզրահանգման պետք է գան նրանք, ովքեր ակնկալում են Փաշինյանին հաղթել այն զենքով, ինչով նա է հաղթել իրենց: Այդ զենքը մեկանգամյա օգտագործման էր, այլևս որևէ սուբյեկտ Հայաստանում չի կարող այն օգտագործել մի շարք հանգամանքների և պատճառների բերումով, կամ կարող է օգտագործել միայն ինքն իր դեմ: Ըստ այդմ, պետք է գալ հաղթելու հնարավորության և կանոնների վերաբերյալ իշխանության հետ կառուցողական քննարկումների և կոնսենսուսի՝ վերջ տալով «պարտիզանական պայքարի» տրամաբանությանը:

Այդտեղ է լինելու հանրության, Հայաստանի հետհեղափոխական կայուն զարգացման բանալին:
Աղբյուրը՝ https://www.1in.am/2577903.html

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*