«Մենք ոչնչnւթյուն ենք, hայերը ծաղրnւմ են մեզ». Ադրբեջшնnւմ կրքերը բnրբnքվել են…

 

Ֆուտբոլի 2020 թվականի Եվրոպայի առաջնության 4-րդ տուրում Աթենքում Հունաստանի հավաքականի նկատմամբ 3:2 հաշվով տարած հաղթանակից հետո Հայաստանում երկրպագուները ցնծում են: Մեր երկրում ֆուտբոլային մթնոլորտը հաճելիորեն շիկանում է: Հիշեցնենք, որ 3-րդ տուրում՝ հունիսի 8-ին էլ մեր հավաքականը Երևանում խոշոր՝ 3:0 հաշվով առավելության էր հասել Լիխտենշտեյնի նկատմամբ:

Երկու խաղում վաստակելով 6 միավոր՝ Հայաստանը ընտրական ենթախմբում հանգրվանել է 3-րդ հորիզոնականում՝ լուրջ նախադրյալներ ստեղծելով Եվրոպայի առտաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու: Հայ երկրպագուն մեծ ոգևորությամբ սպասում է սեպտեմբերին կայանալիք ընտրական փուլի Իտալիայի և Բոսնիայի հետ երևանյան հանդիպումներին, որոնք կարող են վճռորոշ լինել եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարում: Արդեն իսկ կարելի է ասել, որ սեպտեմբերին մեր երկրում բացառիկ ֆուտբոլային մթնոլորտ է տիրելու:

Ի տարբերություն Հայաստանի՝ ընտրական փուլի վերջին երկու հանդիպումները ֆիասկո են առաջացրել հարևան Վրաստանում և մասնավորապես Ադրբեջանում: Թբիլիսիում 3:0 հաշվով Ջիբրալթարին հաղթելուց հետո վրացիները հյուընկալվելիս 5:1 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին Դանիայից: Առաջին երկու խաղում չխփելով ոչ մի գնդակ՝ Վրաստանի ընտրանին 0:2 հաշվով զիջել էր Շվեյցարիային և 1:0 հաշվով՝ Իռլանդիային:

4 խաղում վաստակելով 3 միավոր՝ Վրաստանը ենթախմբում 5 հավաքականների պայքարում 4-րդն է և գործնականում կորցրել է հնարավորությունը 2-րդ հորիզոնականը զբաղեցնելու: Նշենք, սակայն, որ մեր հարևանները գերազանց էին ելույթ ունեցել անցյալ տարի նոյեմբերին ավարտված Ազգերի լիգայի խմբային փուլում՝ հայտնվելով կիսաեզրափակչում: Գալիք տարվա մարտին Վլադիմիր Վայսի գլխավորած հավաքականը կպայքարի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Ազգերի լիգայից հետո, սակայն, Վրաստանի հավաքականում կտրուկ անկում է նկատվում, ինչը հարևան երկրում մտահոգության ալիք է բարձրացրել:

Իրավիճակը շատ ավելի ծանր է Ադրբեջանում: Այս երկրի ազգային թիմը հունիսի 8-ին Բաքվում 1:3 հաշվով Հունգարիային զիջելուց հետո՝ հունիսի 11-ին կրկին սեփական հարկի տակ 1:5 հաշվով խայտառակ պարտություն կրեց Սլովակիայից: Տեղի ունեցածը բողոքի լայն ալիք է բարձրացրել հասարակության շրջանում: «Մենք ոչնչություն ենք, հայերը ծաղրում են մեզ» վերտառությամբ հրապարակումներ կարելի է տեսնել ադրբեջանական մամուլում անփառունակ ելույթներից հետո:

Ավելին՝ սոցիալական կայքերում Ադրբեջանի ֆուտբոլի գերատեսչության ղեկավարների հասցեին հնչում են տարատեսակ հայհոյանքներ: Երկրպագուները տեղի ունեցածի գլխավոր մեղավոր են համարում հենց ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը՝ պահանջելով անհապաղ հեռանալ: Ըստ ադրբեջանցի լրագրողների՝ հարևան երկրի ազգային թիմը երբեք այսքան թույլ չի եղել, և այս ընտրական շրջափուլը կարող է դառնալ ամենախայտառակը ազգային թիմի պատմության մեջ:

 

Ազգերի լիգայի խաղարկության ավարտից հետո Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ էր արել հավաքականի գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովին: Նրան փոխարինել է խորվաթ մասնագետ Նիկոլա Յուրչևիչը: Ընտրական փուլի առաջին իսկ խաղում Ադրբեջանը մրցել էր հենց Խորվաթիայի հետ: Զագրեբում տեղի ունեցած մրցավեճում Յուրչևիչի գլխավորած հավաքականը առաջին կեսում առաջ էր անցել հաշվի մեջ, և աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան մեծ դժվարությամբ էր կարողացել 3 միավոր վաստակել: Դաշտի տերերը առաջին կեսի վերջին րոպեին հավասարեցրել էին հաշիվը, իսկ միայն 79-րդ րոպեին խփել հաղթական գնդակը:

Այս հանդիպումից հետո ադրբեջանական մամուլը շտապել էր գրել, որ Յուրչևիչի շնորհիվ վերջապես ձևավորվել է ուժեղ և մարտունակ կոլեկտիվ, որը կարող է ձեռնոց նետել նույնիսկ աշխարհի ուժեղագության հավաքականներին: Նման հայտարարություններին հաջորդեցին խայտառակ պարտությունները, որը սառը ցնցուղ էր ադրբեջանցիների համար: Այս պահին Ադրբեջանի հավաքականը 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ ըստ էության կորցնելով հնարավորությունները ենթախմբում երկրորդ հորիզոնականի համար պայքարելու:

Նշենք, որ 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը տեղի է ունենալու նաև Բաքվում: Ադրբեջանում երազում էին, որ իրենց ազգային հավաքականը մասնակցի հեղինակավոր այս մրցաշարին: Դրա համար լուրջ միջոցներ էին ծախսվում, բայց… Այսօր արդեն հասարակությունը պահանջում է ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը: Արդեն իսկ կարելի է ասել, որ Եվրոպայի առաջնության ուղեգրի համար պայքարում Ադրբեջանը տապալվել է:

Բնական է, որ յուրաքանչյուր տուրից հետո հարևան երկրում ազգային թիմի ելույթը փորձում են համեմատել մասնավորապես Հայաստանի հավաքականի ելույթի հետ: Հայաստանի ընտրանու՝ Հունաստանի նկատմամբ տարած հաղթանակը ադրբեջանցիների համար գույները խտացնելու լավ հնարավորություն է դարձել: Վերջին երկու հանդիպումների կտրվածքով երկու երկրների հավաքականների միջև տարբերությունն իսկապես ահռելի է:
Աղբյուրը՝ https://www.1in.am/2577608.html

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*